Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, օտար երկրների միջամտությունը տարածաշրջանում ճգնաժամերը կարգավորելու միջոց չէ։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսին ասել է, որ Ասիայում համագործակցության և վստահության միջոցների ամրապնդման կազմակերպությունը ողջ մայրցամաքում համակեցության, համագործակցության և անվտանգության կարևոր մեխանիզմ է։
Իրանի նախագահն ընդգծել է, որ օտարերկրյա պետությունների միջամտությունը հարմար միջոց չէ տարածաշրջանում առկա ճգնաժամերը լուծելու համար՝ նշելով, որ անվտանգությունը պետք է ստեղծվի Ասիական մայրցամաքի ներսից։ Նրա խոսքով՝ արտաքին միջամտությունը միայն սրում է առկա խնդիրները, և դա առանցքային հարց է Իրանի համար։
Անդրադառնալով Ղազախստանի հետ հարաբերությունների բարելավմանը՝ Ռաիսին ասել է, որ ղազախ պաշտոնյաների հետ հանդիպումների առաջին փուլում Թեհրանը մոտ 2 միլիարդ դոլար է հատկացրել տնտեսական և առևտրային գործունեությունը ընդլայնելու համար։ Նա հավելել է, որ այս մակարդակին հասնելու համար պաշտոնյաներն ու ակտիվիստները պետք է ջանքեր գործադրեն։
Ռաիսին նաև հայտնել է, որ Իրանի և Ղազախստանի միջև քննարկված մեկ այլ հարց էներգակիրների և նավթի փոխանակումն է եղել։ «Նրանք հայտարարեցին, որ այս հարցը նոր ուսումնասիրությունների կարիք ունի, քանի որ այն առաջարկվել է 10 տարի առաջ և դժվարությունների է հանդիպել, սակայն փոխանակման գործարքների վերսկսումը ձեռնտու է երկու երկրներին»,- ասել է Իրանի նախագահը։