Միացյալ Նահանգների 2023 թվականի Ազգային պաշտպանության լիազորման ակտի օրինագծի սենատի տարբերակից հեռացվել են երկու լրացումները, որոնք պայմանավորում էին F-16 տեսակի կործանիչների վաճառքը Թուրքիային։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը նիստ է հրավիրել՝ ազգային պաշտպանության լիազորման ակտի օրինագիծը վերջնական տեսքի բերելու համար։
Հաղորդվում է, որ ներկայումս քննարկվում են օրինագծծի շուրջ 900 լրացումներ։ Կոնգրեսի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ օրինագծից հանվել են նաև Նյու Ջերսիի սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և Մերիլենդի սենատոր Վան Հոլենի ներկայացրած երկու լրացումները, որոնք պայմաններ էին սահմանում՝ կործանիչները Թուրքիային վաճառելու գործընթացում։
Երբ սենատը ընդունի օրինագիծը ներկայացուցիչների պալատի տարբերակի հետ կկազմվի միասնական տեքստ և կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հաստատման համար: Նմանատիպ հավելում, որը պայմանավորում է Թուրքիայի կողմից F-16 կործանիչների գնումը, ավելացվել է նաև ներկայացուցիչների պալատի օրինագծին, սակայն ակնկալվում է, որ այդ լրացումները նույնպես կհեռացվեն համատեղ տեքստից։
Նշվում է, որ ԱՄՆ սենատի նախագծում այս փոփոխությունը իրականացնելու հարցում արդյունավետ են եղել Վաշինգտոնում Թուրքիայի դիվանագիտական ջանքերը։ Մենենդեսը Սենատի նախագծում կրկին ներառել էր նույն լրացումը, որը պայմանավորում է կործանիչների վաճառքը Թուրքիային։
Բացի այդ սենատոր Վան Հոլենը նախագծում ավելացրել է պայման՝ համաձայն որի Թուրքիային տրամադրվող կործանիչները չպետք է օգտագործվեն Քուրդիստանի բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչների դեմ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։