Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, հանդիպումը կայացել է Պրահայի ամրոցի տարածքում։
Հաղորդվում է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է լրատվամիջոցների համար փակ ձևաչափով։ Հանդիպման բովանդակության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Նշվում է, որ 2009 թվականից հետո սա երկու երկրների ղեկավարների մակարդակով իրականացված առաջին հանդիպումն է։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որը միջազգային հանրության կողմից ստացել էր ֆուտբոլային դիվանագիտություն անունը, 2008 թվականին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել էր Հայաստան, իսկ 2009 թվականին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` Թուրքիա, որոնց ընթացքում էլ կայացել էին ղեկավարների հանդիպումները։