Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս: Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով։ Պիտի արձանագրեմ հետևյալը, որը նույնիսկ պատերազմից առաջ պետք է անեի այդ արձանագրումը։ Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս։ Նրանք, գուցե մի քիչ դիվանագիտորեն, ասել են այդ մասին։ Պետք է այդ փաստի հետ առերեսվենք»,-նշել է վարչապետը։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», Փաշինյանն ասաց հետևյալը. «Գիտեք՝ այդ երկրներից եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային»: