ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ուկրաինան և Իրանը դատապարտել են, դաշնակիցները` ոչ. աշխարհի արձագանքը
copy image url

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ուկրաինան և Իրանը դատապարտել են, դաշնակիցները` ոչ. աշխարհի արձագանքը

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 18:45 14-09-2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ կողմից Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունքի դիրքերի և բանակավայրերի ուղղությամբ իրականացվող հրետակոծությունը անարձագանք չի մնացել միջազգային հանրության կողմից։ Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ բազմաթիվ անգամներեի՝ այս անգամ շատ երկրներ ու կազմակերպություններ խիստ հասցեական են արձագանքել՝ դատապարտելով Ադրբեջանին ու կոչ անելով՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Oragir.news-ը առանձնացրել է գործընկեր և դաշնակից մի շարք պետությունների ու կազմակերպությունների արձագանքը։

ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Բլինքենը, մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքը գնդակոծելու առնչությամբ, կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։

Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Ալիեւին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարը։ Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ Մակրոնն իր խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայկական բնակավայրերի հրետակոծման։ Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր եւ բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին։

Ուկրաինա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ասել է, որ Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը:

«Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային իրավունքի նորմերը և հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Կանադա

Կանադան չափազանց անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություններից, ներառյալ հայկական բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Մենք կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը, հարգել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ կառուցողական երկխոսությանը ԵԱՀԿ ձեւաչափով»,- գրել է Ժոլին։

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

ՆԱՏՕ

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ Իրադրության վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»։

Թուրքիա

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքայը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցի ժամանակ Օքթայը, նշելով, որ Թուրքիան մշտապես շարունակում է աջակցել Ադրբեջանին, ասել է. «‎Թուրքիան մշտապես ձեր կողքին է: Մշտապես համերաշխության մեջ ենք: Այս կապակցությամբ ցանկանում եմ փոխանցել մեր նախագահի ցավակցությունները և շուտափույթ ապաքինման մաղթանքները»:

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 50 ադրբեջանցի զինվորական և զինվոր է սպանվել։

Հայաստանի դաշնակիցները ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և իրավիճակի սրման հետ կապված առաջարկություններ մշակելու համար:

Ռուսաստան

Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան աշխատանքային խմբի հաջորդ նիստում կհաջողվի փաթեթային պայմանավորվածություն ձեռք բերել ճանապարհների շինարարության մասին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային եւ ավտոճանապարհային հաղորդակցությունն սկսելու շեշտադրմամբ, հարեւան երկրներ հնարավոր ելքով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկզբնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն աշխատանքի առավելագույն արդյունավետության ապահովման, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար՝ առանց այս գործընթացին արտաքին միջամտության, խուսափել քաղաքականացումից եւ սրացումներից երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում։ Ցավոք, առանց խափանումների չստացվեց»։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է։ Այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։

Բելառուս

Մեր երկիրը մշտապես ելել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ոչ այլընտրանքային խաղաղ կարգավորումից՝ բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով։ Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

Ղազախստան

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ նիստում կողմերին կոչ է արել հրաժարվել ուժային միջոցներից և անցնել բանակցությունների։

Տաջիկստան

Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստին, կոչ է արել դիվանագիտական միջոցներով արագ կարգավորել իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։

Ղրղզստան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ղրղզստանը չափազանց մտահոգված է իրավիճակի սրմամբ երկու բարեկամ պետությունների սահմանին։ Իրավիճակը անհրաժեշտ է կարգավորել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Ղրղզստանը հույս է հայտնել, որ երկու կողմերը կշարունակեն զերծ մնալ ուժի կիրառումից, եւ բոլոր տարաձայնությունները կլուծեն խաղաղ ճանապարհով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցների հիման վրա»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։