«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքերը ցնցել են հանրությանը։ Վերջին տվյալներով՝ կա 16 զոհ եւ 4 անհետ կորած։ Համացանցում երկու օր է՝ տարածվում են փլուզման հետեւանքով զոհված հղի կնոջ եւ նրա 5-ամյա երեխայի նկարները։ Այս նկարները լայնորեն տարածվում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ամենեւին էլ ոչ ցավակցության, վշտակցության կոնտեքստում։
Նկատենք, որ եթե անհետ կորածների տվյալները հրապարակվում են տեղեկություն ստանալու եւ նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ եւ իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը եւ համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:
Oragir.news-ը Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե որքանով է իրավաչափ մանկահասակ երեխայի եւ նրա մոր լուսանկարների տարածումը, ինչ ազդեցություն, հետեւանքներ այն կարող է ունենալ։
Հայրապետյանը նախ ցավակցեց զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթեց շուտափույթ ապաքինում, ապա նշեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները եւ սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակմանը:
Նրա խոսքով՝ մարդու մասին նման տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ, երկու իրավունքներն էլ հիմնարար են եւ պահանջում են առանձնահատուկ հարգանք։ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածը գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն, գործակալության պետի խոսքով, անգամ նման իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարեւոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարեւորությունը եւ հնարավոր ռիսկերը:
«Անձնական տվյալների մշակման եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը սահմանի տվյալների մշակման կոնկրետ նպատակ եւ գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի եւ օրինական, այսինքն հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության սոցիալական անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, օրինակ՝ միայն դիտումների քանակ ապահովելը հատկապես նման դեպքերում չի կարող դիտարկվել որպես տվյալի (լուսանկարի) հրապարակման նպատակ։
Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ՝ այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Այս առումով կարեւոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսք է գնում տվյալները համացանցում հրապարակելու մասին, երբ հրապարակված տվյալները առանց որեւէ ժամկետի եւ տարածության սահմանափակման, այն է՝ հավերժ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, եւ ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների եւ ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին»:
Գործակալության պետը կարեւորեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները եւ տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները: