NASA-ն հայտնել է, որ Լուսնի վրա քարանձավներ է հայտնաբերել՝ մոտ 17˚С ջերմաստիճանով, որը բավականին հարմարավետ է մարդու համար: Դրանք կարող են նաև պաշտպանել տիեզերական ճառագայթներից։
Գիտնականները ջերմաստիճանը վերլուծելու համար Diviner ջերմային տեսախցիկ են օգտագործել։ Հանգստության Ծովի տարածքում մոտ 100 մետր խորությամբ իջվածքում համակարգչային մոդելավորման միջոցով հնարավոր է եղել վերլուծել ժայռի ջերմային հատկություններն այսպես կոչված «լավային խողովակներում»։ Պարզվել է, որ մշտապես ստվերում գտնվող տարածքներում լուսնային օրվա ընթացքում ջերմաստիճանի աննշան տատանումներ են գրանցվել՝ մոտ 17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Լուսնային գիշերը, սակայն, ավելի սառն է, բայց այս խնդիրը հնարավոր է լուծել։
«Մարդիկ քարանձավներում ապրելով էվոլյուցիայի են ենթարկվել, մենք կարող ենք վերադառնալ քարանձավներ, երբ ապրենք Լուսնի վրա»,- ասում է Դեյվիդ Փեյջը, որը ղեկավարում է լուսնային ավտոմատ կայանի փորձարկումներից մեկը:
Լուսնի վրա առաջին անգամ իջվածքներ են հայտնաբերվել 2009թ․-ին, և այդ ժամանակվանից գիտնականներին հետաքրքրում է, թե արդյոք դրանք կտանեն դեպի քարանձավներ, որոնք հնարավոր կլինի հետազոտել կամ որպես թաքստոց օգտագործել: Իջվածքները կամ քարանձավները կարող են նաև որոշակի պաշտպանություն ապահովել տիեզերական ճառագայթներից, արևի ճառագայթներից և միկրոմետեորիտներից: