Հագուստի արտասահմանյան խոշորագույն ռեթեյլերները, որոնք պատերազմի մեկնարկից հետո դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում, երկրից ամբողջովին դուրս գալու դեպքում կկրեն 760-800 միլիոն դոլարի վնաս։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով երկու աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք ցանցերի հարցումով ուսումնասիրել են հնարավոր կորուստները։
«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի խոսքով, տվյալ գնահատականը «պահպանողական է»։ Կորուստները կարող են աճել, եթե ռեթեյլերները չկարողանան վաճառել ապրանքի մնացորդները կամ «իրենց համար բարեհաջող» լուծել առևտրային տարածքների վարձակալության պայմանագրերի դադարեցման հարցը:
Ինչպես հայտնել է «Կոմերսանտի» աղբյուրը, ամենախոշոր կորուստը՝ մոտ 300 մլն դոլար, կարող է կրել իսպանական Inditex հոլդինգը (սեփականատերն է Zara, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Pull & Bear ապրանքանիշների): Ճապոնական Uniqlo ցանցի և ֆրանսիական Decathlon-ի վնասները կարող են կազմել 150-170 մլն դոլար։
Այս բոլոր ընկերությունները դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում, սակայն ռուսական շուկայից վերջնականապես հեռանալու մասին դեռևս չեն հայտարարել։