ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող նախաձեռնությունները
copy image url

ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող նախաձեռնությունները

Ներքին 2 տարի առաջ - 15:15 14-07-2022
Հուլիսի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մեր երկրում հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարմամբ:

Զարուհի Բաթոյանի խոսքով` հատկապես խոշորացված համայնքներում բնակիչները պետք է համոզված լինեն, որ նոր տրանսպորտային երթուղին կամ նոր ավտոպարկը պետք է լինեն մատչելի և հարմար բոլորի համար` հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, մանկասայլակներով տեղափոխվող ծնողների և այլն:

Հարակից զեկույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ նրա` նախագիծը կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու տեսանկյունից: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև Զարուհի Բաթոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

Հարակից զեկույցում պատգամավոր Մարիամ Պողոսյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը եւս դրական է:
Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ:

Ամենից շատ դիտված