Ադրբեջանում ինքնահրկիզման հետևանքով մահացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վետերան Էլվին Ջաֆարովը։ 35-ամյա Էմիլ Ջաֆարովն ինքնահրկիզման էր դիմել երկուշաբթի օրը Սաբիրաբադի շրջանային վարչակազմի շենքի առջև։
Ջաֆարովի հարազատները հայտնել են, որ Էլվինը մահացել է Հանրապետական այրվածքաբանական կենտրոնում։
Ավելի վաղ բժիշկը Turan լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Ջաֆարովի մարմնի 70 տոկոսն այրվել է։
Հարազատներն ասում են, որ Ջաֆարովը որոշել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ չի կարողացել գրավել պետության ուշադրությունն ու արդարության հասնել։
Ինչպես գրում է Turan-ը, հուլիսի 11-ին Բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Ֆազիլ Թալիբովը հայտնել է, որ Սաբիրաբադի շրջանի Գալագայ գյուղի բնակիչ Էլվին Ջաֆարովը 3-րդ կարգի հաշմանդամ է. 1987 թվականին ծնված Ջաֆարովը սոցիալական աջակցություն է ստացել պետության կողմից։
Նախարարությունից նշել են նաև, որ տեղական իշխանությունները նրան, ինչպես նաև նրա հարազատներից ոմանց ապահովել են աշխատանքով։