Յակուտիայում հայտնաբերվել են «Ան-2» ինքնաթիռի բեկորները, որը բեռնափոխադրման չվերթ էր իրականացնում և ռադարներից անհետացել էր հունիսի 21-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ-ին։
Կործանված «Ան-2»-ի բեկորները հայտնաբերվել են որոնողական ուղղաթիռով՝ Սեբյան-Կյուել բնակավայրից 46 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը, որը պատկանել է «Տեխսերվիս» ՍՊԸ մասնավոր ընկերությանը, իրականացնում էր չվերթ Ուս-Խատինգ (Յակուտսկ)-Վերտիկալնի (Կոբյայսկի շրջան)-Ուս-Խատինգ երթուղով, բայց այդպես էլ չի հասել նշանակված վայրին։ Ինքնաթիռում եղել է երեք մարդ՝ երկու օդաչու և մեկ ուղևոր, ինչպես նաև մեկ տոննա բեռ։
«Ան-2»-ի կործանման տարածքում վայրէջք կատարած որոնողական խումբը բեկորների մեջ հայտնաբերել է երկու օդաչուի հրկիզված մարմինները:
Շուտով փրկարարները գտել են երրորդ մարդուն, որը ողջ է մնացել։ «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի տվյալներով՝ նա ինքն է գնացել փրկարարների մոտ։
Shot Telegram-ալիքը նշում է փրկվածի անունը՝ նա 36-ամյա Պավել Կրիվոշապկինն է։ Նրան արդեն հետազոտել են բժիշկները և տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերել։ Մանրամասներն այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել փրկվել, դեռևս հայտնի չեն։