Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որը Գլխավոր դատախազությանը իրավունք է վերապահում արտադատական կարգով փակելու լրատվամիջոցները՝ «ֆեյքեր» տարածելու, ՌԴ Զինված ուժերը «վարկաբեկելու» և «պատժամիջոցների կոչերի» համար։
Վերջնական ընթերցմամբ օրինագծում ներդրվեց, այսպես կոչված, «սխալվելու իրավունքը», ինչը ենթադրում է, որ լրատվամիջոցները չեն զրկվի գրանցումից կամ արգելափակվի համացանցում ակնթարթորեն և ընդմիշտ։
Օրենքի համաձայն՝ առաջին խախտման համար դատախազությունը «Ռոսկոմնադզորից» պահանջելու է կասեցնել ԶԼՄ-ների գործունեությունը մինչև երեք ամիս ժամկետով, իսկ երկրորդ խախտման դեպքում՝ մինչև վեց ամիս։
Եթե այդ ժամանակահատվածում լրատվամիջոցը վերացնի խախտումները, ապա «Ռոսկոմնադզորի» որոշմամբ կկարողանա վերականգնել գործունեությունը։
Օրենքով նախատեսվում է, որ բազմիցս կրկնվող խախտումների դեպքում լրատվամիջոցի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել։
Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանում օտարերկրյա լրատվամիջոցների արգելման հնարավորության մասին՝ ի պատասխան արտասահմանում ռուսական լրատվամիջոցների դեմ համանման գործողությունների։