Մարոկկոն հարցում է ուղարկել՝ հաղորդակցվելու Ուկրաինայի կողմում կռված և գերեվարված երկրի քաղաքացի Սաադուն Բրահիմի հետ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների ներկայացուցիչները։
Հունիսի 9-ին անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկում Բրահիմը և երկու բրիտանացիներ՝ Շոն Փինները և Էյդեն Ասլինը, մահապատժի են դատապարտվել։ Ռուսաստանում և օկուպացված տարածքներում պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայած օտարերկրացիները եղել են վարձկաններ։
Դատարանի որոշումը քննադատել են արևմտյան քաղաքական գործիչները և իրավապաշտպանները՝ այն անվանելով «դիվանագիտական խաղ»՝ ուղղված հիմնականում Բրիտանիայի դեմ։ Մասնավորապես, Ռուսաստանը պահանջում է, որ Լոնդոնը գերիների ճակատագրի վերաբերյալ բոլոր բանակցությունները վարի անմիջապես անջատողականների հետ, և այդպիսով անուղղակիորեն ճանաչի «հանրապետությունը»: Ավելի վաղ Մարոկկոյի իշխանությունների արձագանքը տեղի ունեցողին չէր հաղորդվում։