Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավերը Ուկրաինայից հացահատիկ են տեղափոխում Սիրիա, հաղորդում է արբանյակային նկարահանումներով զբաղվող Maxar ընկերությունը։
Մասնավորապես, ընկերությունը երկու ռուսական բեռնանավերի մայիսին արված լուսանկարներ է հրապարակել ՌԴ կողմից բռնակցված Սևաստոպոլի նավահանգստում, որտեղ հացահատիկի բեռնման աշխատանքներ են ընթանում։ Մի քանի օր անց նույն նավերը բեռնաթափման նպատակով խարսխվել են Սիրիայում։ Սևաստոպոլում հացահատիկի բեռնման ևս մեկ լուսանկար է արվել հունիսին։
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է իր բռնազավթված տարածքներից հացահատիկ գողանալու և արտասահմանում վաճառելու փորձի մեջ։ Ռուսաստանը հերքում է դա։
Այս պահին արգելափակված են Ուկրաինայի ծովային նավահանգիստները։ Մի շարք երկրներ, մասնավորապես Թուրքիան և Ֆրանսիան, հայտարարել են, որ պատրաստ են օգնել Ուկրաինային նավահանգիստներն ապաշրջափակելու հարցում, սակայն ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կօգտագործի ծովային միջանցքը Օդեսայի վրա հարձակվելու համար, եթե նավահանգիստները ականազերծվեն։