Այցով Ուկրաինա ժամանած Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները այցելել են Իրպեն, որը պատերազմի առաջին իսկ օրերից դարձել է Կիևի համար մարտերի առանցքային վայր և ենթարկվել ռուսական զորքերի զանգվածային գնդակոծության։
Իրպենը գետի կամրջով միացած է Կիևին, իսկ փետրվարի 25-ին ուկրաինացի զինվորականները պայթեցրել են կամուրջը, որպեսզի կասեցնեն ռուսական տանկերի առաջխաղացումը։
Մի քանի շաբաթ տևած կատաղի մարտերից հետո ուկրաինական բանակը վերադարձրել է քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։
Իրպենում հայտնաբերվել են 290 զոհված խաղաղ բնակիչների մարմիններ։
Էմանուել Մակրոնին, Օլաֆ Շոլցին և Մարիո Դրագիին պատմել են այն մասին, թե ինչ է տեղի ունենում այժմ քաղաքում, և ինչ աշխատանք է կատարվում կյանքը բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ։
«Սա հերոսական քաղաք է՝ դրոշմված բարբարոսության խարանով»,- լրագրողներին ասել է Մակրոնը։