Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա Մակդոնալդը Թբիլիսիում հայտարարել է, որ Վաշինգտոնից ուղերձ է բերել «Վրաստանի դեմոկրատական կուրսի վերաբերյալ խոր մտահոգության մասին»։
Մակդոնալդը ժամանել է Թբիլիսի՝ հանդիպելու կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ընթացիկ գործընթացները։ Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր ներդրումները՝ աջակցելու Վրաստանի ժողովրդավարական ապագային և ժողովրդավարական նկրտումներին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ ՄԱԿ-ի ասոցիացիայի civil.ge պորտալին հղումով։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում քննարկվել են ժողովրդավարության զարգացման, ընտրական և դատաիրավական բարեփոխումների հարցեր։
«Հիմնականում (մենք խոսեցինք) այն մասին, թե ինչպես կարելի է աջակցել նրան, ինչ ուզում են վրացիները, դա, մասնավորապես, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումն է»,- ասել է Մակդոնալդը:
Նա նշել է, որ Թբիլիսի է եկել «Վրաստանի համար բացառիկ հնարավորության» պահին։ «Իմ ուղերձը՝ բաց մի թողեք այս հնարավորությունը: Միավորվեք վրաց ժողովրդի ուզածի շուրջ՝ այն, ինչ դուք բոլորդ արտահայտեցիք, այսինքն՝ ինտեգրում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»,- հորդորել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Վրաստանն այս ճանապարհին ունի բազմաթիվ դաշնակիցներ, ընկերներ և գործընկերներ։