Կառավարության հերթական նիստում քննարկվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների մասին հարցը, որը զեկուցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մկրտչյանն ասաց, որ համաձայն նախագծի՝ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային և մասնավորապես սահմանամերձ գյուղական բնակավայրերում Կառավարությունը հնարավորություն է ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։
«Այս ծրագրի նպատակը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է, և ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 12 մլն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքով տոկոսագումարների մարման համար»։