Ռուսաստանի ռեզիդենտ անձինք հունիսի 8-ից կարող են ամսական մինչև 150 հազար ԱՄՆ դոլար փոխանցել օտարերկրյա բանկում ունեցած իրենց սեփական հաշվին կամ արտասահմանում գտնվող այլ անձի։ Այս մասին հաղորդել է ՌԴ Կենտրոնական բանկը։
Նույն չափի գումար կարող են արտասահման փոխանցել ոչ ռեզիդենտները՝ «բարեկամ» երկրներից ժամանած ֆիզիկական անձինք։
Մինչ այս Ռուսաստանի ռեզիդենտների և «բարեկամ երկրներից» ոչ ռեզիդենտների համար արտերկիր փոխանցումների սահմանաչափը կազմում էր ամսական 50 հազար դոլար։
Ռուսաստանում աշխատող, «ոչ բարեկամական» երկրներից ժամանած ոչ ռեզիդենտները կարող են արտասահման փոխանցել միայն իրենց աշխատավարձի չափով դրամական միջոցներ՝ ինչպես նախկինում։ Ուժի մեջ է մնացել նաև արտասահման փոխանցումների արգելքը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին աջակցող երկրների իրավաբանական անձանց համար։
Սահմանափակումները գործում են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։