Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց վատի ու վատագույնի միջև ընտրության դիլեման, թե կուզեք՝ պարտադրանքն է Հայաստանում դեռևս պահպանվող հարաբերական կայունության «երաշխավորը»: Դրական տեղաշարժի, դրական փոփոխությունների կարոտ շարքային քաղաքացիները տևական ժամանակ է, ինչ սկսել են գիտակցել՝ «մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը» ժողովրդական ասացվածքի խորքային իմաստն ու նշանակությունը: Այլ կերպ ասած՝ անցանկալի զարգացումների «զսպաշապիկը» բաղդատման տրամաբանությունն ու համեմատության սկզբունքով իրականացվող հայտարարի բացահայտումն է: Հայաստանում ձեռնարկվող յուրաքանչյուր հաջորդ քայլ, էստաֆետն ընդունած քաղաքական թիմ, անձ, իշխանություն (ցանկության դեպքում թվարկումը կարող եք շարունակել ինքներդ), որպես կանոն, նախորդից ավելի պրոֆան, անգետ ու անհաջող է լինում: Չեռնոմիրդինյան՝ «ցանկանում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ» «պեռլի» հայրենիքը ասես Հայաստանը լինի:
Հարկ է նկատել, սակայն, որ ավանդականի միտող այդ տխուր պրակտիկան մեկ օրում չէ, որ ձևավորվել է: Նրա արմատավորմանը նպաստած էական գործոններից ես կառանձնացնեի մի քանիսը: Օրինակ՝ պատասխանատվության, հաշվետվողականության, ԶԼՄ-ների պարագայում՝ հետևողականության բացակայությունը, որոնց վրա մեծապես թքած ունեն Հայաստանում: Ըստ իս՝ հենց հիշատակված գործոնների շարունակական անտեսումն է հանգեցրել՝ անգամ անզեն աչքով տեսանելի դեգրադացիային:
Հայաստանը գողության, թալանի ու կոռուպցիայի թանգարան է բաց երկնքի տակ: Քաղաքային դիմագիծն աղավաղած ապօրինի կառույցներից սկսած և Մոնակոյի արքայազնին պատշաճող թանկարժեք առանձնատներով վերջացրած: Գիտականներն ասում են, որ ՀՀ երրորդ նախագահի վերահսկողության պետ, ներկա պահին հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հովսեփյանի առանձնատան միայն դարպասն արժե 15 հազար դոլար: Ժողովրդին ծառայելու կոչված միջին նշանակության չինովնիկի պատկանող գերշքեղ առանձնատան դարպասը, հասկանո՞ւմ եք: Առանձնատան, որի նկուղի կառուցման համար միայն՝ վերամարմնավորման օրենքով՝ մի քանի սերնդի կյանք կպահանջվեր: Իսկ այդ չինովնիկը, թեկուզ օտար ափերում, ներկա պահին վստահորեն շարունակում է վայելել իր ցոփ ու շվայտ կյանքը, առավել քան համոզված «շունը հաչի, քարավանը գնա» ասացվածքի «իրավացիության» մեջ: Նույն կերպ պատասխանատվության չեն կանչվում նաև հայկական բանակի զենք-զինամթերքի համար նախատեսված միջոցները սեփական որկորին ու գրպանին ծառայեցրած, հազարավոր լուսավոր երիտասարդների մահվան պատճառ դարձած գեներալները…
Այսօրինակ փաստերը բյուրավոր են, հանցակազմը՝ առավել քան ակնառու: Բայց, ինչպես արդեն ասվեց, յուրօրինակ երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ մեղադրյալի աթոռին հայտնվելն ու դատվելը…անասելի դժվար է, վերոբերյալ պայմանների առկայության դեպքում, իհարկե: Հայաստանը թալանած, գազանի պես հոշոտած, համոզված եմ ասում, հայատյաց կլանները, հավանաբար դաստիարակվել ու հասակ են առել ԽՍՀՄ տարիների հիթի, կոմպոզիտոր Իգոր Դունաևսկու և տեքստի հեղինակ Լեբեդև-Կումաչի ՝ «Шиpока стpана моя pодная» երգի «Я дpугой такой стpаны не знаю, Где так вольно дышит человек» կրկներգում հիշատակվող համոզվածությամբ… Հայաստանում ոչ ոք ոչնչի համար պատասխանատվության չի կանչվում, կանչվելու դեպքում էլ «գործերը»կայծակնային արագությամբ ջրվում են… Սա էլ իր հերթին է վտանգավոր նախադեպ ստեղծում: Այսինքն՝ պատասխանատվությունը դառնում է մի բան, որը, ինքներս չունենալով, պահանջում ենք ուրիշներից: Արդյունքում Հայաստանը սկսում է նմանվել ապակե պատեր ունեցող երկրի, որի բնակիչները միմյանց վրա մեծ ցանկության դեպքում անգամ քար շպրտել չեն կարող: Մեկի «պոչը» մյուսի ոտքի տակ լինելու պատճառով: Արդարության վերականգնման, արդարադատության հաղթանակի գեթ մեկ օրինակ այդպես էլ չտեսանք: Փոխարենը՝ թե՛ գործող իշխանությունների կողմից քանիցս հնչեցված, թե՛ ռևանշի ախորժակ ունեցողների ելույթներում կարմիր թելի պես անցնող՝ գողացված, թալանված միջոցները լումա առ լումա վերադարձնելու հիպոթետիկ խոստումների պակաս չի զգացվում: Զավեշտական է, այնպես չէ՞: Գայլն իրեն հովիվ է կարգում՝ խոստանալով ոչ միայն անվնաս պահել հոտը, այլ նաև վերադարձնել «կորսված» (հասկանալ՝ կլլված) գառներին… Ջիվանին կասեր՝
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք…
Ինչի՞ համար եմ այս մասին ասում: Ասում եմ՝ առավել հասկանալի դառնալու համար: Վերացական խոսքերից անասելի հոգնած ժողովուրդը ընդվզողների շարքերը կհամալրի մի դեպքում միայն, եթե այդ ամենը դուրս լինի փակ շղթայի տրամաբանությունից…Մնացյալը ժողովրդական բանահյուսության ոլորտից է…
-
Վահան Զարյան
-
լավատես
-