Ռոտերդամում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հրապարակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակը։ Վրաստանում մի քանի տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլիի աթոռը դահլիճում խորհրդանշական կերպով դատարկ է մնացել։ Նրա նամակն ընթերցել է Լեհաստանի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, ԵԺԿ առաջնորդ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Սաակաշվիլին կոչ է անում աջակցել Ուկրաինային և Վրաստանին: «Ուկրաինացիներն այսօր իրենց կյանքը զոհում են հանուն եվրոպական երազանքի։ Եթե Ուկրաինան ընկնի, նրան կհաջորդեն մյուսները, այդ թվում՝ իմ սիրելի Վրաստանը։ Մենք չպետք է դա թույլ տանք»։
Ավելի վաղ ԵԺԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Վրաստանում ոչ օրինական օլիգարխիկ կառավարումը հանգեցրել է ժողովրդավարական ինստիտուտների ոչնչացմանը»։
Համագումարում ելույթ է ունեցել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան, որը հայտարարել է, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքականացված է, որի պատճառով Միխեիլ Սաակաշվիլին և ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտնվել են բանտում:
«Վրաստանի երրորդ նախագահը, որը երկիրը դուրս բերեց հետխորհրդային խավարից, նպաստեց երկրի ինտեգրմանը Եվրոպային և վերջ դրեց Ռուսաստանի և Պուտինի կայսերական գերիշխանությանը, այժմ չի կարող ինքն իրեն փրկել և բանտում նրան համապատասխան բժշկական օգնություն չի տրամադրվում»,- ասել է Մելիան։ Նա հայտարարել է, որ վրաց ժողովուրդը Եվրոպա է ուզում, ինչպես երբեք։