«Նրանց, ովքեր մասնակցում են մեր բողոքի ակցիաներին, սպառնում են, գործից են հեռացնում և այդ ամենը անում են օրենքը խախտելով։ Ահա սա է ժողովրդական բաստիոնի ոտնահարվող ժողովրդավարությունը։ Հենց նոր, որ տեղի ունեցավ այս քաշքշուկը, նախարարության աշխատակիցները վերևից ցուցարարներին ջուր փոխանցեցին, նրանք ջուր փոխանցեցին մեր արժանապատիվ քաղաքացիներին՝ իրենց աջակցությունը հայտնելով այդպես։ Նրանք պատուհաններից թռուցիկներ են նետում ներքև, որոնց վրա գրված է «Ոստիկա՛ն, մա՛րդ եղիր»»։
Այս մասին այսօր տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ այս պահին ընդդիմությունը շրջափակել է կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ: Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են ներս մտնել` պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ:
