Ցուցք՝ աբորիգենների համար
copy image url

Ցուցք՝ աբորիգենների համար

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:16 26-05-2022
Վիճակագիր-մարկետոլոգների հավաստմամբ՝ Հայաստանում կտրուկ աճել է արևածաղկի սերմերի վաճառքը: Երևույթի «ակունքներն» ուսումնասիրած հոգեբանների դիտարկմամբ՝ տարօրինակ այս միտումը պայմանավորված է մարդկանց պաշարած, շառավիղն ընդլայնող ու համատարած դարձող ապատիայով, որն իր հերթին նրանց մոտ առաջացնում է ամեն ինչի վրա թքելու և երկրից հնարավորինս արագ հեռանալու պահանջ: Սոցիոլոգ-հոգեբաններին մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ հանրության մի ստվար հատվածի այլևս չի հետաքրքրում ոչինչ, անգամ սև ու սպիտակ «վարդերի» բարիկադային «կրակահերթերը», որոնք սպառնում են վերաճել «լայնածավալ» պատերազմի:

Նույն այդ ընթացքում, սակայն, ներքաղաքական թատերաբեմում հայտնված «անհնազանդները» շարունակում են համոզել, որ մեկ է՝ ծանոթ սատանան միանշանակ գերադասելի է անփորձ քահանայից, որ ամենակարևորը՝ «Նիկոլ ընդ ուսապարկեր» ՓԲԸ-ին ասպարեզից կարելվույնս արագ վտարումն է: Նրանց համոզմամբ՝ «սորոսների» ու արևմտյան կողմնորոշման հայրենադավ այլ տեսակների չեզոքացումը , ինչպես նաև ռազմավարական դարավոր գործընկերոջ մոտ սասանված վստահության վերականգնումն առավել քան հրատապ են, քանի դեռ հայրենիքի վերջին ծվենն էլ սկուտեղի վրա չի մատուցվել հակառակորդին:

Սա ասվում է մարդկանց, ովքեր ներկա ու նախկին իշխանությունների կողմից հետևողականորեն օտարվել են պետականաշինության գործընթացից: Մարդկանց, ում համար ամեն ինչ արդեն մեկ է, մարդկանց, ովքեր մղոններով հեռու են երկրի լիիրավ քաղաքացին դառնալու ցանկությունից՝ դրա հստակ գիտակցումը չունենալու և խերը տեսած չլինելու պատճառով: Դա ասվում է շարքային մարդկանց, ովքեր համոզված են, որ մեկ է՝ «գումարելիների տեղափոխությունից գումարը չի օդափոխվելու…»: Նույն այդ մարդկանց ներկա պահին միանգամայն այլ խնդիրներ են հուզում: Որքան էլ ցավալի լինի դա ընդունելը, բայց նրանց մտապատկերում «պետական մսուրին» ամեն գնով մոտենալու փափագ ունեցողներն են «կռուտոյը», այլ ոչ թե ստրկամտությունից ձերբազատվելու ուղին հուշող մարդիկ... Իսկ թե որքան կշարունակվի այս պղտոր վիճակը, որքան ժամանակ կպահանջվի պարզաջրման համար, մնում է անհայտ:

«Վերևինները չեն կարողանում, ներքևիններն էլ այլևս չեն ցանկանում»-ի ուղեծրում տեղավորվող, դասական որակված իրավիճակը գնալով հիմնավոր է դարձնում փոփոխությունների անհրաժեշտության գիտակցումը: Բոլորն են հասկանում, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Առտնին հոգսերով տապակվող հասարակ մահկանացուներից մինչև կուտակած կապիտալը լազուրե ափեր տեղափոխել փորձող երբեմնի «հաջողակը» տքնաջանորեն ելքեր են որոնում: Նրանց հուսահատության մատնողը անորոշությունն է, ապագայի հանդեպ օրավուր խորացող կասկածը:

Վերջիններիս երբեմնի վստահությունից ծվեններ իսկ չեն մնացել: Նրանք սկսել են հասկանալ, որ ընթացքն արագացրած չարագույժ ուղտը՝ ուր որ է իրենց դռանն էլ է չոքելու: Ու որքան էլ ցավալի լինի արձանագրելը, բայց հայ տեսակի համար, ավա՜ղ, արտագաղթն է շարունակում մնալ խորշակների դիմակայման դեռևս միակ ու գործուն «դեղատոմսը»: Արտագաղթի ցավալի տեմպերը, դատարկվող գյուղերն ու ավանները վկայությունն են նրա, որ հայրենիք, հայրենասիրություն հասկացություններն այլևս նախկին իմաստը չունեն, քանի որ նույն այդ հայրենիքը շատերին օրհասական իրավիճակներում է միայն մտաբերում: Բոլորինը համարվող երբեմնի հայրենիքն այսօր կոնկրետ տերեր ունի… Որքան էլ ցավալի, բայց հայրենիքի ընկալման մերօրյա ցուցիչը «Որտեղ հաց, էնտեղ կաց» մոտեցումն է դարձել: Հայերի մեծ մասի համար հայրենիքը սոսկ իր մի քանի քառակուսի ընդգրկող բնակտարածքն է, ու ոչ ավելին: Նույն շքամուտքն արդեն իր հայրենիքը չէ, օտարի հող է: Մի քիչ այն կողմ արդեն ալաններն են ապրում, թուրքերն են ապրում կողքի շենքում:

Հայրենիքի, հայրենասիրության մասին խոսելիս ակամա մտաբերեցի Հենրիկ Սենկևիչի «Յո երթաս»-ի հերոսի` ճաշակի օրենսդիր Պետրոնիոսի՝ Ներոնին հղած նամակի «Սպանի՛ր, բայց բանաստեղծություն մի՛ գրիր» տողերը: Հիմա էլ ես եմ խնդրում ներքաղաքական թատերաբեմի բոլոր դերակատարներին` երկրի նախագահից ու վարչապետից սկսած՝ մինչև վերջին «անհնազանդ», արե՛ք, ինչ կարող եք, բայց, Աստծու սիրուն, մի՛ բարոյախոսեք, խնդրում եմ…

Հայրենիքի փրկությանը նվիրված ձեր շիրոտ բարոյախոսությունը վաղուց սպառել է իրեն: Դուք խոսում եք ամեն ինչից՝ բացի մարդուց: Կոնկրետ, խռոված, բախտի քմահաճույքին ու տարատեսակ մարտահրավերների դիմաց մեն-մենակ թողնված մարդուց, որի ապագայի համար պատասխանատվությունը ձեր հաշվարկների մեջ թերևս չի մտնում…

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի