«Կապտուկներից» ազատվելու ժամանակը
copy image url

«Կապտուկներից» ազատվելու ժամանակը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:05 25-05-2022
«Օրհնված սհաթով» սկզբնավորված կույր ռուսասիրության «ոսկե դարաշրջանի» մայրամուտն ամենևին էլ յոթ սարի ետևում չէ: Տեղատվությունը սկսել է նկատելի դառնալ, քանի որ հայ ժողովուրդը աստիճանաբար սկսել է հասկանալ, որ ռազմավարական նշանակության բոլոր ոլորտների առյուծի բաժնին թաթ գցած Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է՝ ելակետում ունենալով ոչ թե գործընկերությունը, այլ ավագ եղբայր լինելու «բնատուր» առավելությունն ու հարկ եղած դեպքում կրտսեր եղբորն իբրև մանրադրամ օգտագործելու «ոսկե ռեզերվը»:

Ավագ եղբոր «սիրուն ու նվիրվածությանը» միայն մենք չէ, որ ծանոթ ենք: Դա այնքան ակնառու է, որ վավերացվել է նաև հայտնի անեկդոտում, երբ ծարավից պապակվող ռուսը պնդում է անապատում գտած շշով ջուրը կիսել եղբայրաբար, մինչդեռ տապից ու ծարավից նույնքան պապակվող վրացին շարունակում է պնդել շշի պարունակությունը կիսել հավասարապես և ոչ երբեք եղբայրաբար …

«Մեծ եղբոր» սինդրոմից, նրա կողմից պարտադրվող սիրուց ու փաթաթվող բարեկամությունից ձերբազատվել են փորձում բոլորը՝ հայերից բացի… Ռուսաստանը շարունակում է մնալ հայ ժողովրդի «մեծագույն բարեկամը»: Սա, թերևս, ունի իր պատճառահետևանքային բացատրությունը: Ամենաառաջինը, որ ամրապնդում է այդ «սերը», հայերիս`Թուրքիայից ունեցած մշտնջենական վախն է: Սրան գումարվում է նաև հաց հանապազօրյայի հայթայթման խնդիրը, որի համար մեր հայրենակիցներից շատերի հայացքը շարունակ դեպի հյուսիս է ուղղվում, արտագաղթի հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը: Այստեղից էլ`«միջնորդավորված սիրո» բումերանգային վերադարձը…

Ռուսաստանը սկսել է հիշեցնել ձախողակ ամուսնուն և շարունակական տապալումներից չարացած այն ծնողին, որը, դրսում հարցերը լուծել չկարողանալով, ամբողջ մաղձը թափում է յուրայինների, հատկապես՝ տան փոքրիկների վրա: Շարունակական ձախողումներից չարացած հորը թվում է, թե դա կարող է անվերջ շարունակվել: Նա այդպես է կարծում, քանի որ վստահ է, որ տուժողներն այլընտրանք ուղղակի չունեն: Հարկ է խոստովանել, որ սրա մեջ ճշմարտության հատիկ կա, որ մենք ենք թույլ տվել ավագ եղբորը ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի ներքին կյանքում: Ժամանակն է խոստովանել, որ հայերիս տարիների անգործությունն է հանգեցրել նման իրավիճակի: Մենք ոչ թե փորձել ու փորձում ենք ազգային արժանապատվություն դրսևորել ու թեկուզ և դանդաղ, բայց մերը ստեղծել, այլ մակաբույծի նման ճգնել ու ճգնում ենք «հանգրվանել» այլ՝ կայացած օրգանիզմների ամենատաքուկ անկյուններում: Այստեղից էլ հայերիս՝ «առաջին գիշերվա իրավունքը» այլոց ու առաջին հերթին Ռուսաստանին վերապահելու մշտակա պատրաստակամությունը:

Փոքր ածուները, իսկ հայերս հատկապես, ժամանակի ընթացքում դրսևորված բացը փորձել ու փորձում են կոմպենսացնել մակաբույծին հարիր վարքով՝ սեփական տունը, սեփական երկիրը կառուցելու փոխարեն սկսելով մասնագիտանալ «գդակների» ու «գյուղերի» ընտրության հարցում… Նրանք շարունակում են առաջնորդվել դարերով փորձարկված «Որ գյուղը մտնում ես, էն գյուղի գդակը դիր» սկզբունքով: Ուշադրություն դարձրեք՝ հիմնականում երկիրը լքում է ճարահատ տեսակը, երկիրը լքում է նա, ում հայրենիքը մտաբերում է միայն պատերազմի վերսկսման հավանականության մեծացման դեպքում, երկիրը լքում են նրանք, ովքեր այս կամ այն կլանի մեջ հայտնվելու «բարեբախտությանը», այդու` արևի տակ տեղ ունենալու բախտին չեն արժանացել:

Հայերիս ռուսամետությունը երկար տարիների պատմություն ունի: Դա «վերախմբագրելն» այնքան էլ հեշտ գործ չէ: Դեռևս շոշափելի է իր սև գործն արած խորհրդային տարիների ազդեցությունը մարդկանց գիտակցության վրա: Այդ ախտից հնարավոր է ազատվել միայն ճշմարիտ տեղեկատվության տարածման ու մեկ էլ բնական սերնդափոխության հաշվին: Նախկին ու ինչո՞ւ չէ, նաև ներկա իշխանությունների ռուսամետ քաղաքականությունն էլ օդից վերցրած չէ: Նրանք ունեն իշխանության մնալու խնդիր: Այսինքն` դրսից նրանց ցուցաբերվող աջակցությունը, որպես կանոն, լինում է լեգիտիմության դեֆիցիտի պատճառով առաջացած կոմպրոմատների բանեցման հաշվին, ինչը մեծապես վնասում է հենց մեր պետությանը: Ա՛յ, հենց այդ կախվածության արատավոր պրակտիկան է, որ պետք է արմատախիլ անել:

Հանցավոր այդ համակարգն ամեն կերպ խոչընդոտելու է մեր երկրի առաջընթացը, կոմպրոմատների տակ կքած իշխանավորներին էլ մշտապես պահելու է խամաճիկի դերում: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր առաջին ջութակների դերում հայտնվածները նույն այդ ռուսասեր կոմունիստների նեոկոմսոմոլ թոռներն են, ամեն ինչ հասկանալի կդառնա: Ռուսաստանն այս ամենում ունի իր հստակ հաշվարկները, մեզ հետ հարցերը պարզած համարելով՝ այսօր նա սիրախաղի մեջ է մտել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Իսկ քաղաքակրթական ընտրանքը՝ հօգուտ առաջավոր արժեհամակարգի, հաջողություն չի արձանագրում՝ պոստսովետական կաղապարված մտածողության, կադրային բանկի չթարմացման ու անձնական օրինակով մյուսներին վարակել չկարողանալու անունակության պատճառով:

Դրա համար էլ մենք մշտապես հայտնվում ենք նույն ջարդած տաշտակի առջև ծուռժպիտ՝ էդ ամեն ինչն արդարացնելով չեռնոմիրդինյան «Ցանկանում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ» թևավոր դիտարկմամբ…


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում