ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ռազմական և քաղաքացիական հակամարտությունների, հետապնդումների, մարդու իրավունքների ոտնահարման կամ նման այլ պատճառներով իրենց երկրները հարկադրված լքած մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը։
Նման թռիչքաձև աճի կատալիզատորներից է Ուկրաինայում ՌԴ-ի սանձազերծած պատերազմը։
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ այս հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 14 միլիոն ուկրաինացի փախստական է դարձել, ընդ որում մոտ 6 միլիոնը լքել է երկիրը, ևս 8 միլիոնը երկրի ներսում տեղահանվածներ են։
«Հարյուր միլիոնը սարսափելի թիվ է, նույն չափով սթափեցնող և տագնապալի։ Սա ռեկորդ է, որն ավելի լավ է չլիներ,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։- Սա պետք է մեզ համար ավերիչ հակամարտությունները կանխելու, մարդկանց հետապնդումները դադարեցնելու, անմեղ մարդկանց տեղահանման պատճառ հանդիսացող հանգամանքներն արմատախիլ անելու ազդանշան լինի»: