Իշխանության եկած ենիչերների ոհմակը փորձում է նսեմացնել բոլորին, որոնք ունակ են երկիրը պաշտպանելու․ Աշոտ Մինասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:19 21-05-2022
«Այսօր ես կփորձեմ Ձեր հիշողությունը թարմացնել․ արդյո՞ք մենք Տիգրան Մեծի սերունդն ենք, իսկ ո՞ւմ տվեցինք Տիգրանի գահը։ Ամոթ մեզ»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց Արցախյան 3 պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է Արցախում, այն, ինչ կատարվում է Հայաստանում, արժանապատիվ հայ մարդու համար ողբերգություն է ու այդ ողբերգության սկիզբը դրվել է սրանից 4 տարի առաջ։

«Այսօրվա իշխանությունները՝ ենիչերների ոհմակը, որ կարողացել է իշխանության գալ, ասպարեզ է բերել մարդկանց, որոնք բոլոր հերոսածին որդիներին փորձում են նսեմացնել, այն բոլորին, որոնք ունակ են երկիրը պաշտպանելու»։

Նա հարց ուղղեց, թե ով է այն մայորը, որ կարողացել է հարվածել Արցախյան 3 պատերազմների հրամանատարի․ «Արայիկ Մուրադյանն իմ զինակից ընկերն է, նա 2 պատերազմ անցել է իր որդիների հետ և այսօր այստեղ գտնվելով՝ նույնպես պայքարում է իր ազգի փրկության համար։ Ո՞վ է այն ստախոս ոստիկանը, որ սուտ ցուցմուն է տվել Խաչատուրովի ընտանիքի հանդեպ, և այդ շինծու ցուցմունքի հիման վրա այսօր բանտում է Իգոր Խաչատուրովը։ Դա նույնն է, ինչ Մխիթար սպարապետի գլուխը կտրածին նշանակեին երկրի սպարապետ»։