Մոսկովյան բորսայում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած սակարկությունների ընթացքում դոլարը և եվրոն շարունակել են էժանանալ ռուբլու նկատմամբ։
Այսպիսով, դոլարի փոխարժեքը 2018թ.-ի ապրիլից ի վեր առաջին անգամ իջել է 59 ռուբլի/1 դոլարից ցածր մակարդակի։ Այժմ այն վաճառվում է 58.89 ռուբլու մակարդակով (-4.88%)։
Եվրոյի փոխարժեքն էլ է նվազում. հիմա դրա դիմաց առաջարկում են 60.69 ռուբլի (-5.77%)։ Եվրոպական արժույթն այդքան էժան չի եղել 2017թ.-ի ապրիլից։
BBC-ն նախօրեին մանրամասն բացատրել է, թե ինչպես պատերազմի պատճառով առաջացած հակառեկորդներից հետո ռուբլին հանկարծ վերադարձավ այն մակարդակներին, որոնք ռուսները չէին տեսել մի քանի տարի։ Նախ՝ դա պայմանավորված է արտահանման և ներմուծման փոփոխված հաշվեկշռով, երկրորդ հանգամանքն այն է, որ պատժամիջոցների պատճառով ԿԲ-ի համար դժվար է ռուբլին փոխանակել արտարժույթով: Իսկ մյուս հանգամանք այն է, որ, ըստ նոր կանոնի, արտահանողները պետք է արժութային եկամուտների 80%-ը վերածեն ռուբլու։