Շարունակվում են ընդդիմադիրնեերի բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այսօր Աժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Հնչած հարցերից մեկին պատասխանելիս Վարդևանյանն ասաց, որ 8-րդ գումարման Ազգային Ժողովը չի հիշվելու։
«8-րդ գումարման Ազգային Ժողովը իր արդյունավետության տեսանկյունից երբեք չի հիշվելու։ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից չի հիշվելու, խոսքը գնում է իշխանական պատգամավորների վարքագծից։ Ավա՜ղ, իրենք այնպիսի մեծամասնություն ունեն ընտրական օրենսգրքի թերության հետևանքով, որը նախկինում ընդունված ընտրական օրենսգրքի խնդիրն է։ Ինչևէ, իրենք իրենց ստացած ձայներին համաչափ մանդատներ չունեն, դրանք շատ ավելի շատ են, որը աբսուրդ է։ Այսպես է հիշվելու այս խորհրդարանը, մեկ էլ հիշվելու է ընդդիմադիր կին պատգամավորների գործունեությամբ՝ որպես իսկապես տարբերվող, հայրենասեր, մարտնչող, վճռական տեսակի օրինակ։ Մնացած հարցերում չեմ կարծում՝ ինչ-որ հիշվելու բան կա։
Ի դեպ, ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին, որոնք այսօրվա ավտոերթից, ոստիկանական վայրագություննից հետո նկատել են, որ իրենց մեքենայի վրա մեկ խազ է ավելացել․ հենց այս պահին թող զանգեն ամենահայտնի համարներից մեկին՝ 1-02, և հայտնեն իրենց հաղորդումը հանցագործության մասին։
Խնդրում եմ, օգտվեք այդ հնարավորությունից։ Ոստիկանության համակարգում այդ 60-80 ոստիկանների մաքրումը պետք է իրականցվի»։