Մենք ու մեր «սարերը»…
copy image url

Մենք ու մեր «սարերը»…

Միտք 2 տարի առաջ - 19:47 06-05-2022
Դուք չե՞ք ձանձրացել… Հեռուստաէկրաններից պես-պես էշություններ լսելը ձեզ հունից չի՞ հանում, ձեզ չի՞ վիրավորում… Ինձ մոտ, օրինակ, համբերության բաժակը պռնկեպռունկ լցվել, բարբաջանքի հանդուրժման համար սահմանված լիմիտն էլ վաղուց սպառվել է: Բայց մեկ է, դրանից փրկություն կարծես թե չկա: Անմիտ, անբովանդակ, անդառնալիորեն չարչրկված «մտային շտուրմը» շարունակում է իր սև գործը: Անգիտությունը գրոհում է բոլոր ճակատներով՝ սոցիալական ցանցերով ու զանգվածային լրատվամիջոցերով, այն իր ներգործությունն է ունենում ամենուր՝ հանրային միջավայրում, օդում, ջրում ու ցամաքում…Ամենուր: Հայաստանում բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորը խոսում են ինչից պատահի, հարկ եղած դեպքում, որպես վերին ճշմարտություն մեջբերումներ կատարելով դասականներից՝ առարկություն չհանդուրժող ներքին համոզվածությամբ…Մեր երկիրը վերածվել է խոսող գլուխների շտեմարանի: Քաղաքական գործիչ ու քաղաքագետ, քաղտեխնոլոգ ու բանջարաբույծ խոսում են ինչից պատահի, չկա այնպիսի հարց, որի պատասխանը վերջիններս չունենան: Ուկրաի՞նա, խնդրեմ, Ղարաբաղյան խնդի՞ր, հոգ չէ …Ու այսպես՝ Մաղրիբի երկրներից մինչև Քաշմիր, դոու-ջոնսից՝ մինչև սապատիստական շարժում…

Չէ՛, չէ՛, հապա փորձեք նրանց ելույթներում մի նոր, խելամիտ բան գտնել, դե՜, այնպիսին, էլի, որ իրենց սեփական վերլուծությունը լինի, էլ չասեմ այն մասին, որ այդ վերլուծությունը փոքրիշատե արտահայտի իրերի իրական վիճակը: Հավատացնում եմ՝ չեք գտնի: Մեզ մոտ քաղաքագետ են ներկայանում չորսից հինգ թերթ ավելի աչքի անցկացրածները, մի քանի ինֆորմացիա ավելի կարդացածները, քաղաքական գործիչ էլ՝ ներքին ինտրիգներից գլուխ հանողներն ու «Կենտրոնի» այս կամ այն գմբեթի շահերը սպասարկողները միայն: Դե, հիմա Հայաստանում էլ դրանք են տրենդի մեջ․ ի՞նչ անես: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ թացն ու չորը, մտացածինն ու իրականը դժվար է միմյանցից սահմանազատելը: Մաքուր ինֆորմացիան պղտորվում է սահունորեն նրան միախառնվող «օժանդակ առվակների» գործուն ջանքերով: Բայց հավատացեք՝ «զորահանդեսի» կոմանդորներից բացի, ոչ ոք իրողությանը տեղյակ լինել չի կարող: Մերօրյա լրատվամիջոցներն էլ ծուռ հայելիների գործառույթ են իրականացնում: Դա էլ վերջիններիս «հացն» է․ ի՞նչ արած:

Վերոնշյալ խնդիրներից ամենավտանգավորն, ըստ իս, ԶԼՄ-ների շնորհիվ շառավիղն ընդլայնող իմիտացիան է, որ կան «խորագիտակ մասնագետներ», որոնց արթուն հայացքից ոչինչ սպրդել չի կարող, որ ամեն ինչ վերահսկողության տակ է ու անհանգստանալու առիթ ամենևին էլ չկա: Այնուամենայնիվ, չնայած այդ կարգի վստահեցումներին, անգամ «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» տեսակն է ինտուիտիվ զգում գնալով ահագնացող վտանգը: Թերևս հիշում եք «հումանիստ կենդանասերների» կողմից մահվան դատապարտված գորտի պատմությունը․ եթե չէ, հիշեցնեմ: Կաթսայի մեջ հայտնված գորտին հնարավորություն է տրվում մաքսիմալ «հարմարավետության»՝ մարմանդ կրակի կողմից ապահովվող հաճելի ջերմության պայմաններում հրաժեշտ տալ կյանքին: Կենդանին էլ վայելում է «ապահովված կոմֆորտը»՝ միանգամայն անհաղորդ դրա տխուր վերջաբանին…

Թեկուզ և դաժան, բայց գրեթե այսպիսին է վիճակը, որում հայտնվել ենք մենք: Խոսքը գոյապայքարի, տեսակի պահպանության մասին է: Նման իրավիճակում, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ հանդեպ «ողորմած» կգտնվեն այս աշխարհի շնաձկները: Իրավացի եք, ենթադրաբար այն տեսակի, որից օգուտ կարող են ունենալ, այն տեսակի, որի անհետացումը կվտանգի իրենց իսկ գոյությանը: Այլ կերպ, արևի տակ տեղ ունենալու համար երկրները պիտի համապատասխանեն իրենց ներկայացվող նոր չափանիշներին, նրանք պիտի ունենան «համապատասխան արժանիքներ», որոնք էլ կկատարեն անցաթղթի դեր: Իսկ մինչ այդ՝ աշխարհի մեծերը կոնսենսուսի գալուց առաջ կզոհաբերեն այն երկրներին, որոնց այդպես էլ չի հաջողվի ապացուցել իրենց հետագա գոյության անհրաժեշտությունը…

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում