Գերագույն ռադայի պատգամավոր Դավիթ Արախամիան, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ռուսական զորքերն արդեն գտնվում են «Ազովստալ» գործարանի տարածքում, որը Մարիուպոլի դիմադրության վերջին օջախն է։
«Արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են գործարանը գրոհելու փորձերը։ Ռուսական զորքերն արդեն գտնվում են «Ազովստալի» տարածքում»,- ասել է Արախամիան՝ նկատի ունենալով «Ազովի» գնդի հրամանատարի խոսքերը, որը գործարանի տարածքում է։ Նա նշել է, որ մայիսի 4-ի երեկոյան Ուկրաինայի իշխանությունները կապ են ունեցել գործարանի տարածքում տեղակայված զինվորականների հետ։