Սնանկ ընդդիմություն և լպիրշ իշխանություն
copy image url

Սնանկ ընդդիմություն և լպիրշ իշխանություն

Միտք Ներքին 2 տարի առաջ - 21:31 04-05-2022
Ընդդիմությունն այսօր հերթական շոուն ապահովեց ԱԺ նիստերի դահլիճում։ Կառավարության հարցուպատասխանին որոշեցին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, բայց հայտնվեցին ծիծաղելի իրավիճակում։ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց, ֆռռացրեց իրենց դեմ ամեն ինչ, ու ընդդիմադիրները որոշեցին չլսել նրա պատասխանը մինչև վերջ ու թողնել-հեռանալ դահլիճից։ Եւ Նիկոլն ու ՔՊ-ականները գրանցեցին հերթական հաղթանակը ընդդիմության նկատմամբ։ Սա խոսում է ընդդիմության սնանկության, քաղաքական մտքից, ֆանտազիաներից ու կրեատիվ որևէ քայլից զուրկ լինելու մասին։ Նրանք այլևս չունեն նոր բան ասելու, չգիտեն՝ ինչպես թեժացնեն իրավիճակն ու ինչպես իշխանությանը դեմ տան պատին։ Փոխարենը իշխանությունն ինքն է ամեն անգամ փակուղի մտցնում ընդդիմությանը։

Բայց եթե ընդդիմության մոտ սնանկություն է՝ քաղաքական մտքի, տեխնոլոգիաների և այլն, ապա իշխանությունների մոտ լպիրշություն է ու ցինիզմ։ Նիկոլ Փաշինյանն անցել է լկտիության բոլոր սահմանները։ Նա որևէ հարգանք ու բարոյականության զգացում չունի ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հասարակության, անգամ իրեն ձայն տված զանգվածի նկատմամբ։ Նա քաղաքական թիվ մեկ ամբիոնը դարձրել է փողոցային «ռազբիրատների» հարթակ, որտեղ կարող է կանգնել ու ամենավերջին բառերը ասել, առանց ամաչելու ստել՝ նայելով ժողովրդի աչքերի մեջ, կեղծել իրականությունը, մանիպուլացնել, վերջում ասել՝ լավ եմ անում։ Մենք քաղաքական խորը ճահճի մեջ ենք, որը ամեն օր մեր ոտքերից ավելի ուժգին է քաշում դեպի ներս։ Կարծում ենք՝ մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ մարտաահրավերը սա է։