Իտալիայում մայիսի 1-ից կչեղարկվեն մարդաշատ վայրեր այցելելու համար պահանջվող COVID-վկայագրերը (այսպես կոչված կանաչ անցագրերը)՝ երկու բացառությամբ։ Սանիտարական անձնագրերը մինչև մայիսի վերջ կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու համար, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը՝ բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։
Վկայագրերը տրվում են կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության, պատվաստումների կամ արդեն հիվանդացած լինելու վերաբերյալ տեղեկանքների հիման վրա։
Մայիսի 1-31-ը երկիր մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի հիման վրա տրված վկայագիրը։
Ի սկզբանե Իտալիայի իշխանությունները ցանկանում էին մայիսի 1-ից վերացնել նաև փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունը, սակայն մի շարք վայրերում այն երկարաձգվեց մինչև հունիսի 15-ը։ Խոսքը քաղաքային և միջքաղաքային հասարակական տրանսպորտի, կինոթատրոնների, թատրոնների, փակ սպորտային բոլոր միջոցառումների և մրցույթների մասին է։