Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Մոսկվային նախազգուշացրել է, որ ազգությամբ ուկրաինացի քաղաքացիական անձանց ցանկացած հավաքագրում ռուսական բանակ, նույնիսկ եթե այն ներկայացվի որպես կամավոր, կդիտվի որպես միջազգային իրավունքի խախտում:
Բրիտանական հետախուզությունը մատնանշում է ուկրաինացի պաշտոնյաների դեռևս չհաստատված հայտարարությունները, որ ՌԴ-ն մտադիր է զինվորական ծառայության զորակոչել բռնազավթված Խերսոնի և Զապորոժիեի մարզերում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին:
«Սա կլինի Դոնբասում և Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմում զինվորական ծառայության զորակոչի համանման պրակտիկայի շարունակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ժնևի չորրորդ կոնվենցիայի 51-րդ հոդվածի համաձայն, բռնազավթած իշխանություններն իրավունք չունեն տեղի քաղաքացիական անձանց ստիպել որպես զինվոր ծառայել իրենց զինված ուժերում, հայտարարել են բրիտանացի պաշտոնյաները: