Մեծ Բրիտանիան կիրակի հայտարարել է, որ կընդլայնի կիբերպաշտպանության ոլորտում Ուկրաինային օգնելու իր ծրագիրը, քանի որ Կիեւը սկսում է իր հակահարձակումն ընդդեմ Ռուսաստանի, հայտնում է Reuters-ը:
Հայտարարության մեջ բրիտանական կառավարությունը նշում է, որ կտրամադրի եւս 16 միլիոն ֆունտ ստերլինգ (20,5 միլիոն դոլար) ֆինանսավորում՝ միջազգային դաշնակիցներից եւս 9 միլիոն ֆունտ ստանալու հնարավորությամբ:
Լոնդոնը հայտարարել է, որ փաթեթը, որը հավելում կլինի նախորդ տարի հայտարարված 6,35 միլիոն ֆունտ ստերլինգին, թույլ կտա Ուկրաինային «ավելի լավ սպառազինվել իր կարևորագույն ազգային ենթակառուցվածքները Ռուսաստանի ավերիչ հարձակումներից պաշտպանելու համար»:
«Այս ֆինանսավորումը վճռական նշանակություն ունի այս հարձակումները դադարեցնելու, Ուկրաինայի կիբերպաշտպանությունն ամրապնդելու եւ իրենց ուղղված վնասաբեր ծրագրերը հայտնաբերելու ու անջատելու հնարավորությունը բարձրացնելու համար»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
Հաջորդ շաբաթ Սունակը կխնդրի նաեւ ձեռներեցներին և գործարար կառույցներին ավելացնել Ուկրաինայում իրենց ներդրումները՝ երկրի տնտեսության վերականգնմանը օժանդակելու համար։