Այսօր, ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով կորոշվի հաղթողը, որը կղեկավարի երկիրը առաջիկա հինգ տարիներին։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի արդյունքներով ֆրանսիացիները պետք է ընտրություն կատարեն գործող նախագահ Էմանուել Մակրոնի, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, և «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի միջև։
Երկրի Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով, ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48.7 միլիոն ֆրանսիացի։ Մակրոնն ու նրա կինը քվեարկելու են հյուսիսային Լե Տուկե առողջարանային քաղաքում, այստեղ է գտնվում նախագահական զույգի ընտանեկան վիլլան։ Լը Պենը կայցելի Էնեն-Բոմոն կոմունայի (Պա-դե-Կալե դեպարտամենտ) ընտրատեղամաս, որը նա ներկայացնում է խորհրդարանում։
Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն միաժամանակ մայր երկրում և արևմտյան կիսագնդի ֆրանսիական տարածքներում։
Ֆրանսիայի պետքարտուղար Գաբրիել Աթալն ավելի վաղ հայտնել էր, որ վերջնական արդյունքները Սահմանադրական խորհուրդը կհրապարակի չորեքշաբթի, ապրիլի 27-ին կամ հինգշաբթի՝ ապրիլի 28-ին։ Ֆրանսիայի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մինչև մայիսի 14-ը։