Պենտագոնում, լրագրողների համար փակ ճեպազրույցում, անսպասելի փաստ է ներկայացվել. այս պահին մարտական գործողությունների թատերաբեմում Ուկրաինան ավելի շատ տանկ ունի, քան Ռուսաստանը։ Սակայն տանկերի ստույգ թիվը չեն նշել։
Տվյալներն այն մասին, թե կողմերը քանի տանկ են ունեցել ի սկզբանե, խիստ տարբերվում են: Ռուսական զորքերի ընդհանուր թվակազմը մինչև ներխուժումը գնահատվում էր 120 գումարտակային մարտավարական խումբ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հանրագիտարանի, յուրաքանչյուր նման խումբ ներառում է մեկ կամ երկու տանկային վաշտ: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր վաշտում 10 տանկ կա, ապա հակամարտության սկզբում դրանց թիվը կազմել է 1200-ից 2400: Ռուսական տանկերի ընդհանուր թիվը, ըստ տարբեր աղբյուրների, ավելի քան 10 հազար միավոր է:
Ուկրաինայում տանկերի թիվը եղել է 800-ից 2600-ի սահմաններում։
Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ ՊՆ-ի ապրիլի 21-ի հաղորդման, Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական բանակը կորցրել է 2422 տանկ և զրահամեքենա։