Ուկրաինայում պնդում են, որ Խարկովի մարզում ռուսական Սու-34 է խոցվել

Արտաքին 2 տարի առաջ - 20:03 21-04-2022
Ուկրաինայի ԶՈՒ-ն Խարկովի մարզի Իզյումի շրջանում խոցել է ռուսական Սու-34 կործանիչը, հայտնել է Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Այսօր մեր պաշտպանները ոչնչացրել են հակառակորդի հերթական Սու-34-ը: Ռուսական կործանիչը ոչնչացվել է Իզյումի շրջանում, որտեղ այժմ մարտերը շարունակվում են զավթիչների դեմ»,- գրել է Սինեգուբովը Տելեգրամի իր ալիքում։

Մի քանի ժամ առաջ ուկրաինական սոցցանցերում սկսել էր շրջանառվել խոցված ինքնաթիռի տեսանյութը։ Սոցցանցերն ու լրատվամիջոցները պնդում են, որ օդանավի օդաչուներին հաջողվել է ցած նետվել: Սա դեռ ոչ ոք չի հաստատել։

Ուկրաինայի ԶՈՒ «Վոստոկ» օդային հրամանատարության տվյալներով, սա վերջին 24 ժամվա ընթացքում Խարկովի մարզում խոցված երկրորդ ռուսական կործանիչն է։ Տարածքում խոցվել է նաև ԱԹՍ։

«Օդային թիրախների վնասազերծումը տեղի է ունեցել Իզյումի շրջանում` մոտ 6000 մետր բարձրության վրա»,- հայտնել են հրամանատարությունից։

Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը: