Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլ»-ի համասեփականատեր, նախագահ և հիմնադիր Վագիտ Ալեքպերովը որոշել է լքել իր պաշտոնը և նաև հեռանալ տնօրենների խորհրդից, ասվում է «Լուկօյլ»-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ալեքպերովը հայտնվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։
Վագիտ Ալեքպերովը հեռանում է ընկերությունից 29 տարի այնտեղ աշխատելուց հետո։ Նա 1993 թվականին ընտրվել է «Լուկօյլ»-ի նախագահ և կառավարման նախագահ։ Ընկերությունը ստեղծվել է նույն թվականի ապրիլի 5-ին։
«Համապատասխան հրաժարականն այսօր ուղարկվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահին»,- հաղորդել է «Լուկօյլ»-ը։ Ընկերությունը նշել է, որ Ալեքպերովը վերահսկիչ բաժնետեր չէ, նրա ուղիղ տիրապետության ներքո է բաժնետոմսերի միայն 3,12%-ը, ինչպես նաև հիմնադրամների միջոցով նրան է պատկանում 5,43%-ը, որոնք ձայնի իրավունք չունեն։