Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանի Դաշնությունը ներառել ԱՄՆ-ի կողմից ստեղծված՝ ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Washington Post-ին։
Ըստ թերթի՝ այս խնդրանքը հնչել է այս շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Բայդենը որևէ պարտավորություն չի ստանձնել այս հարցում, սակայն խոստացել է դիտարկել Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նոր ուղիներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտն ունի երկրների ցանկ, որոնք, պետքարտուղարի կարծիքով, բազմիցս աջակցել են միջազգային ահաբեկչական գործողություններին։ Ցուցակը կազմված է ամերիկյան երեք օրենքների հիման վրա։ Ներկայում այս ցուցակում չորս պետություն կա՝ Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը և Սիրիան։