Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թեկնածուներից վերջինն է, որը քվեարկել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆրանսիայի Հանրապետության գործող ղեկավարն իր տիկնոջ՝ Բրիջիթի ուղեկցությամբ ժամանել է երկրի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաքի ընտրատեղամաս. այդ քաղաքում է գտնվում նրանց ընտանեկան առանձնատունը:
Մակրոն զույգի տան մոտ հավաքվել է կողմնակիցների մեծ բազմություն, որոնց հետ Ֆրանսիայի առաջնորդը ուրախությամբ է շփվել է և լուսանկարվել։ Ընտրատեղամաս ժամանելուց առաջ նա երկար ժամանակ ողջունել է հավաքված ֆրանսիացիներին, սեղմել նրանց ձեռքերը, ինքնագրեր բաժանել։
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը ժամը 12.00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14.00-ի) կազմել է 25․48%, ինչը 3%-ով ցածր է, քան 2017-ին:
Ֆրանսիացիները պետության ղեկավարին ընտրում են 5 տարի ժամկետով։ Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը 50% գումարած մեկ ձայն չստանա, ապա կանցկացվի երկրորդ փուլը։ Այն նախատեսված է ապրիլի 24-ին։
Առաջին փուլում բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է 12 քաղաքական գործիչ։