Ելցինին և Պուտինին առաջարկել եմ Ռուսաստանի անդամակցություն ՆԱՏՕ-ին. Բիլ Քլինթոն
copy image url

Ելցինին և Պուտինին առաջարկել եմ Ռուսաստանի անդամակցություն ՆԱՏՕ-ին. Բիլ Քլինթոն

Արտաքին 3 տարի առաջ - 14:18 09-04-2022
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը The Atlantic-ի համար սյունակում պատմել է, որ իր նախագահության ժամանակ առաջարկել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին, իսկ հետո՝ նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Քլինթոնն ասել է, որ արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի Ռուսաստանին «դառնալու 21-րդ դարի մեծագույն ժողովրդավարություն»: Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել է 1,6 միլիարդ դոլար ռուս զինվորականներին Բալթյան երկրներից դուրս բերելու համար, Ռուսաստանը մասնակցել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և տարբեր խաղաղապահ առաքելությունների, ինչպես նաև ՌԴ-ն հրավիրվել է «Մեծ յոթյակ», որը վերածվել է Մեծ ությակի»:

«Այդ ամբողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի մուտքի համար, ինչը ես պարզ հասկացրել եմ Ելցինին, իսկ այնուհետև նաև՝ նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին», - հայտարարել է Քլինթոնը: ԱՄՆ նախկին նախագահը կեղծ պնդումներ է անվանել այն, թե ամերիկյան իշխանությունները փորձում էին մեկուսացնել Ռուսաստանին։

«Ընդհանուր առմամբ ես Ելցինի հետ հանդիպել եմ 18 անգամ, իսկ Պուտինի հետ՝ հինգ անգամ. երկու անգամ, երբ նա վարչապետ էր Ելցինի օրոք, և երեք անգամ՝ ավելի քան 10 ամսվա ընթացքում, երբ մեր նախագահական ժամկետները համընկնում էին: Սա ընդամենը երեք հանդիպումով է պակաս 1943-ից 1991 թվականներին ԱՄՆ և ԽՍՀՄ առաջնորդների բոլոր հանդիպումներից։ Այն միտքը, թե մենք արհամարհել ենք, չենք հարգել կամ փորձել ենք մեկուսացնել Ռուսաստանին, կեղծ է։ Այո, ՆԱՏՕ-ն ընդլայնվեց՝ չնայած Ռուսաստանի առարկություններին, բայց ընդլայնումը կապված էր ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հետ»,- հայտնել է Քլինթոնը: