Արցախի ազատության համար պայքարը շարունակվում է
copy image url

Արցախի ազատության համար պայքարը շարունակվում է

Միտք 3 տարի առաջ - 23:30 05-04-2022
Սեփական ձախողումների մեջ ժողովրդին հանդիմանելու ժամանակներն անցել են։ Առաջ քաղաքական գործիչը շուռ էր գալիս և մեղադրում ժողովրդին, իբր քաղաքական համակարգում առկա արատավոր երևույթները գալիս են ժողովրդից՝ նրա մենթալիտետից, և պետությունը ազգային ձեռքբերումներ չի ունենում, քանի որ ժողովուրդն, իբր՝ չի ուզում, որ պետությունը զարգանա: Իրականում՝ չկա նման բան։

Այսօր քաղաքական համայնքում գրեթե բոլորն են հասկանում, որ եթե քաղաքական գործիչն անտրամաբանական վարք է դրսևորում, ապա այդ վարքն ընդօրինակում են հասարակության անդամները: Եթե ժողովուրդն անտարբերություն է ցուցաբերում Արցախի ազատության, Հայաստանի անկախության նկատմամբ, ապա դրա պաստասխանատուն-մեղավորը քաղաքական գործիչն է։ Եթե ժողովուրդը ոտքի է ելնում Արցախի ազատության համար, դա քաղաքական գործչի շնորհքն է։

Օրինակ՝ քաղաքական խնդիր էր դրված, որ ընդդիմությունն այսօր՝ ապրիլի 5-ին, հանրահավաք կազմակերպի, ներգրավի մեծ թվով մարդկանց։ Այդ խնդիրը լուծվեց։ Ամբողջ աշխարհը տեսավ ու համոզվեց, որ ժողովուրդը Արցախի ազատության համար պայքարը շարունակելու վճռականություն ունի։ Դրանից շահեց քաղաքական համակարգը և ժողովուրդը, իսկ ո՞ւմ շնորհիվ լուծվեց այդ խնդիրը։

Հանրային խոսույթում ամբոխի նկատմամբ բացասական վերաբերմունք կա, իսկ ժողովրդի նկատմամբ դրական։ Պարզ ասած՝ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե ժողովուրդը լավն է, իսկ ամբոխը՝ վատը: Կամ մարդիկ առանձին-առանձին վերցրած լավն են, սակայն ամբոխը վատ բան է: Ամբոխի այդպիսի սահմանումները ժողովրդավարական իրականության հետ աղերս չունեն: Ամբոխը բացասական երևույթ է որակվում հակաժողովրդավարական համակարգում, երբ պետությունը կառավարող մարդկանց խումբն արհամարհում է հասարակական կարծիքը։ Իսկ ժողովրդավարական համակարգում դրական և կառուցողական երևույթ է ամբոխը, որն օգտվելով ժողովրդավարական իրավունքներից, դրսևորում է հավաքական կամք։ Օրինակ՝ այսօր Ազատության հրապարակում հավաքվածը ամբոխ էր, որովհետև դրսևորում էր հավաքական քաղաքական կամք և դրան համարժեք վարք: Հետևաբար՝ քաղաքական խնդիրը լուծվեց միասնական կամքով, ազգային-քաղաքական նպատակով միավորված մարդկանց խմբի՝ ամբոխի, շնորհիվ։

Այլ հարց է, թե ամբոխի վարքից ինչ է շահում ժողովրդավարական համակարգը։ Օրինակ՝ ՀՀ վարչապետը ապրիլի 6-ին Բրյուսելում կարող է մատնացույց անել այսօրվա հուժկու հանրահավաքն ու իր հասցեին հնչող քննադատությունները և առաջ մղել Արցախի ազատության հարցը, քննարկել Արցախի հարցի կարգավորման Եվրոպայի առաջարկները, քանի որ ժողովուրդն, ինչպես ցույց տվեց ապրիլի 5-ի հանրահավաքը, վճռական տրամադրված է շարունակելու Արցախի ազատության համար պայքարը։


Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին