Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան ուկրաինական հեռուստատեսության եթերում ասել է, որ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ այլ երկրներից և այդպիսով ստեղծել «սեփական ուկրաինական ՆԱՏՕ-ն»։ «Մենք ցանկանում ենք ստեղծել մեր ուկրաինական ՆԱՏՕ-ն, մեզ համար կարևոր է, որ ագրեսիայի դեպքում աջակցություն ցուցաբերեն ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ երկրները»,- ասել է նա։
Ըստ Արախամիայի՝ ՆԱՏՕ-ի երեք երկրներ՝ Թուրքիան, Գերմանիան և Իտալիան, արդեն համաձայնել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Սակայն, ըստ նրա, Ուկրաինայի համար կարևոր է, որ Բրիտանիան և ԱՄՆ-ը ևս միանան այդ համաձայնագրին, քանի որ առանց այդ երկրների նման համաձայնագրի ստորագրումն իմաստ չի ունենա։ Բացի այս երկու երկրներից, Ուկրաինայի համար կարևոր է նաև Ֆրանսիայի, Չինաստանի և Թուրքիայի մասնակցությունը, նշել է Արախամիան։
Ավելի ուշ Արախամիան ասել է, որ ռուսական կողմն ընդունել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները, բացառությամբ Ղրիմին վերաբերող կետի։ Նրա խոսքով, ենթադրաբար, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա Թուրքիայում։