Գեղարքունիքում և Սյունիքում անշարժ գույքի գործարքների առուվաճառքն ակտիվացել է, ինչն անհանգստացնող է
copy image url

Գեղարքունիքում և Սյունիքում անշարժ գույքի գործարքների առուվաճառքն ակտիվացել է, ինչն անհանգստացնող է

Միտք 3 տարի առաջ - 12:48 31-03-2022
Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2022թ.-ի փետրվար ամսվա անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը։ Նշյալ ժամանակահատվածում շուկայում իրականացված ընդհանուր գործարքների թիվը կազմել է 14.235։ Սա ավելի փոքր թիվ է, քան 2020 և 2021թթ.-ների փետրվարին իրականացված գործարքներն են եղել։ Միայն Երևանում, Գեղարքունիքում և Սյունիքում է, որ նախորդ տարվա համեմատությամբ գործարքների դրական հաշվեկշիռ է։

Գեղարքունիքում 2021թ.-ի փետրվարի համեմատությամբ օտարման գործարքների թիվն աճել է 17.2%-ով, Սյունիքում՝ 36.6%-ով։ Այս երկու մարզերում նման ցուցանիշի առկայությունն անհանգստացնող է՝ հատկապես, որ հունվար ամսին էլ այս երկու մարզերում գործարքների թվի շեշտակի աճ կար։ Մինչդեռ փետրվարին, հունվարի համեմատությամբ, Գեղարքունիքում իրականացված առուվաճառքի գործարքներն աճել են 66.7%-ով, Սյունիքում՝ 81․6%-ով։ Իրավիճակն ավելի պարզ լինելու համար նշենք, որ հունվարի համեմատությամբ Լոռիում գործարքների թիվն աճել է ընդամենը 5.4%, իսկ Արագածոտնում՝ նվազել 6.7%-ով։

Մնացած բոլոր մարզերում 2021թ.-ի փետրվարի համեմատությամբ գործարքների թվի նվազում կա, մի քանիսում՝ շեշտակի (Արագածոտնում՝ գրեթե 20%-անոց, Արարատում՝ 19%)։

Հանրապետությունում իրականացվող գործարքների ամենամեծ բաժինը օտարումն է. գործարքների ընդհանուր թվի մեջ այն կազմում է 39%։ 2022թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ օտարման գործարքները նվազել են։ Վարձակալություն, գրավադրում, ժառանգության բացում, առաջնային գրանցում. բոլոր այս կատեգորիաներում ցուցանիշների անկում է արձանագրվել։ Եթե մինչև վերջերս ընդհանուր գործարքների մեծամասնությունը վերաբերում էր բնակարաններին, ապա հիմա արդեն ամենաշատ թվով իրականացվողները հողային գործարքներն են, որ ավելի քան 10%-ով գերազանցում են բնակարանային գործարքների թվին։ Այդուհանդերձ, հողային գործարքների դեպքում նույնպես 7%-ով նվազում է արձանագրվել։

2022թ.-ի փետրվարին Երևանում իրականացված ընդհանուր գործարքների թվով 2021թ.-ի համեմատությամբ ամենամեծ փոփոխությունը գրանցվել է Դավթաշենում։ Այստեղ իրականացված գործարքների թիվը գրեթե 56%-ով աճել է, մինչդեռ Կենտրոնում աճել է ընդամենը 7%-ով, իսկ Քանաքեռ-Զեյթունում քառորդ մասով նվազել է։

Մարզերում իրականացված գործարքների բացարձակ մեծամասնությունը վերաբերել է հողին։ Իրականացվել է 4900 «հողային» գործարք, 2447-ը վերաբերել է բնակելի տներին և 1417-ը՝ բնակարաններին։ Ամբողջ հանրապետությունում օտարման գործարքների 40.4%-ը վերաբերել է հողերին, 31.3%-ը՝ բնակարաններին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում