Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ուկրաինան «ըստ էության» համաձայնել է Ռուսաստանի «հիմնարար պահանջներին»։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է խաղաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Մեդինսկու խոսքով, ուկրաինական կողմն առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։ Ուկրաինայի առաջարկած խաղաղ կարգավորման սկզբունքներում երկիրը, մասնավորապես, հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, օտարերկրյա ռազմաբազաների և զորամիավորումների տեղակայումից, ինչպես նաև առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, զորավարժությունների անցկացումից։
«Եթե այդ բոլոր պարտավորությունները կատարվեն, ապա Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի հենակետի ստեղծման սպառնալիքը կվերանա»,- ասել է Մեդինսկին։ Նա նշել է, որ կողմերի միջև առկա են տարաձայնություններ, մասնավորապես Ղրիմի և Դոնբասի հարցի շուրջ։