ՀՀ-ում ամեն ինչ լավ է, ԱՄՆ-ի օգնության կարիքը չունենք
copy image url

ՀՀ-ում ամեն ինչ լավ է, ԱՄՆ-ի օգնության կարիքը չունենք

Միտք 3 տարի առաջ - 13:59 30-03-2022
Հայաստանի և ժողովրդավարական աշխարհի փոխըմբռնման ցուցիչներից մեկն ԱՄՆ վերաբերմունքն է, որն արտահայտվում է ամենամյա դրամային հատկացումներով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով ՀՀ-ին հատկացված ֆինանսական օգնությունից, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ: Ինչու՞ է տարեցտարի պակասում ՀՀ-ին հատկացվող ամերիկյան օգնությունը։

Իրատեսական վերլուծության դեպքում կարելի է նկատել, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում առկա լուրջ խնդիրները նոր չեն առաջացել, սակայն խորացել են ներկա իշխանությունների օրոք։ Ամենաառանցքային խնդիրն այն է, որ ժողովրդավարական աշխարհում ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն է, Հայաստանում՝ կառավարման ձև։ Ենթադրելի է նաև, որ ԱՄՆ-ն օգնությունը կրճատելով, պատժում է ներկա իշխանություններին, որոնք խոստացել էին, որ ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացնեն, սակայն մնում են ռուսական սայլին լծված։

44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված են ռուսական զորքեր, այնտեղ ռուսական ազդեցության գոտի է։ Եվ անվտանգությունից սկսված մինչև կենսական նշանակության հարցերի մեծ մասը հասցեագրվում են ռուսներին։ ԱՄՆ-ն, որն ամբողջ աշխարհին հորդորում է պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, գումար չի ուղարկի ռուսական ազդեցության գոտի։

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մակարդակի անկումը նաև անվտանգային խնդիր կարող է առաջացնել։ Կարելի է չկասկածել, որ ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ ՀՀ վերջին ԱԽ նիստում ակնարկված նոր սրացումների դեպքում, ազատ աշխարհի ֆինանսական, ռազմական աջակցությունն ու մեկնած ձեռքերը ժողովրդին չեն հասնելու ՀՀ իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության հետևանքով։

Ենթադրելի է, որ ՀՀ քաղաքական մեծամասնությունը և նրանց հավատարիմ ընտրողները այս բաների մասին այլ կարծիք ունեն։ Նրանք, հավանաբար, կարծում են, որ մեր երկրում ամեն ինչ լավ է՝ տնտեսությունն անշեղորեն աճում է, արտաքին ներդրումներ են կատարվում, մարդու իրավունքները պաշտպանվում են, կոռուպցիայի դեմ պայքարը մեծ թափ է ստանում, դատական համակարգը բարեփոխվում է, աշխատավարձերն ու թոշակները բարձր են։ Մի խոսքով՝ մեզ մոտ այնքան լավ է, որ արտաքին ֆինանսական օգնության կարիք չունենք։ Եվ ԱՄՆ-ն էլ տեսնելով, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է, կրճատում է Հայաստանի ժողովրդին ուղղվող օգնությունը։