Վրաստանի պաշտպանության նախարարությունը դատարանին հինգ միլիոն եվրոյի բռնագանձման հայց է ներկայացրել նախագահ Սաակաշվիլիի օրոք գերատեսչության նախկին ղեկավար Դավիթ Կեզերաշվիլիի դեմ։ Ներկայումս Կեզերաշվիլին ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատերն է, հիշեցնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է գերատեսչության հայցը, և դատարանը նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին և գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուային պարտավորեցրել է 5.060.000 եվրոյին համարժեք լարի վճարել նախարարության օգտին։
Վրաստանի գլխավոր դատախազությունը Դավիթ Կեզերաշվիլիին և Ալեքսանդր Նինուային մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական խոշոր գումարների յուրացման/մսխման համար։