Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային գործերի հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը որպես կշռված է բնութագրել Վրաստանի արձագանքը Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ուկրաինա ներխուժման պատճառով, և ընդգծել, որ Ռուսաստանում «այդ փաստն աննկատ չի մնա»: Կարասինը հայտարարությամբ հանդես է եկել Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամում վրացի քաղաքագետների հետ հանդիպմանը։
Ինչպես հաղորդվում է Դաշնության խորհրդի կայքում, քննարկման մասնակիցները նշել են ոչ պաշտոնական երկխոսության առավելությունները, որն անցկացվում է «Պրահայի ձևաչափով» Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կողմից։
«Դրական են ընդունվել արդեն ձեռք բերված արդյունքները՝ արտահայտված երկկողմ առևտրաշրջանառության զգալի աճով, տրանսպորտային մի շարք խնդիրների լուծումով, ինչպես նաև հումանիտար ոլորտում շփումների աճով։ Բացի դրանից, խոսվել է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության թեմաների, Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների ճակատագրի մասին: Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ կվերսկսվեն Ժնևյան քննարկումները, որոնք այժմ սառեցված են։ Նրա խոսքով, սա միակ հարթակն է, որտեղ ուղղակիորեն խոսում են Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պաշտոնական ներկայացուցիչները։ Այս ուղղությամբ երկխոսությունը, ինչպես հաղորդել է սենատորը, բերում է շոշափելի արդյունքների»,- ասվում է հաղորդագրության մեջ։