Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Վրաստանի իշխանություններն առաջնորդվում են պրագմատիկ նկատառումներով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Այսօր Եվրոպայում ընթանում է մեծ պատերազմ, իսկ Եվրոպայի ամենամեծ պետությունում՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ռմբակոծում են, և այսօր, ինչպես մենք տեսնում ենք, ոչ ոք չի կանգնեցնում դա, և ուղիղ ասենք՝ պատժամիջոցներն անարդյունավետ միջոց են»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Վրաստանի քաղաքացիների վրա։
«Երբ խոսվում է պատժամիջոցներ սահմանելու մասին... Ի՞նչ են ինձնից նրանք պահանջում՝ որ ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցնե՞ր սահմանեմ: Իսկ ո՞վ կկորցնի դրանից՝ մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր մեկ միլիոնից ավելի հայրենակիցները, ովքեր չեն կարողանալու իրականացնել ֆինանսական գործարքներ և այլն»,- հավելել է Վրաստանի կառավարության ղեկավարը։