Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր դեմ հարուցված նոր քրեական գործով երկուշաբթի օրը սկսված դատավարության ժամանակ հայտարարել է, որ «շարունակելու է պայքարել իշխանությունների դեմ» և չի վախենում «ոչ ԱԴԾ-ից, ոչ քիմիական զենքից, ոչ Պուտինից»։ Նրա ելույթի սղագրությունը հրապարակել է The Insider պարբերականը (ներառված է «օտարերկրյա գործակալներ»-ԶԼՄ-ներ ռեեստրում):
Նավալնին նաև կոչ է արել բոլորին աջակցել Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված իր զինակիցների գործունեությունը, իսկ իրենց՝ զինակիցներին, որոնցից շատերն այժմ վտարանդի են, կոչ է արել շարունակել իրենց աշխատանքը։
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի արտագնա նիստը տեղի է ունենում Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութում, որտեղ Նավալնին պատիժ է կրում մեկ այլ քրեական գործով։ Նավալնիին մեղադրում են խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։
Լսումներին թույլ են տվել մասնակցել ընդդիմադիրի կնոջը՝ Յուլիա Նավալնայային, որը ավելի վաղ դա պահանջել էր հրապարակավ։ Դատավարությունը տեղի է ունենում գաղութի ժողովների դահլիճում։ Լրագրողների համար կազմակերպել էին հեռարձակում, ընդ որում, նրանց արգելել էին օգտվել տեխնիկայից, ներս են թողել միայն նոթատետրով և գրիչով։