Oragir.news-ի ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Խաչատրյանին գլխավոր դատախազություն են հրավիրել փետրվարի 23-ին, ծանուցման մեջ նշված է, որ նրանց հոր՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունը։ Նա ասաց, որ ոչ միայն որդիներին, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կնոջը, նրա հետ կապված ևս երկու անձի ծանուցվել է՝ գնալու դատախազություն և ծանոթանալու իրենց գույքին վերաբերող ուսումնասիրության արդյունքներին և դիրքորոշում հայտնելու այդ կապակցությամբ․
«Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված միջնոդրությունների հիման վրա դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք, այսինքն՝ կալանք՝ որպես հայցի նախնական ապահովման միջոց: Ինքնին ծանուցման ներկայացումը նշանակում է, որ նրանց վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրությունն ավարտվել է»։
Երեկ դատախազությունը հայտարարություն էր տարածել այս վարչության իրականացրած աշխատանքի վերաբերյալ․ ըստ այդմ՝ 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ։ 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։
Ալբինա Բարեղամյան